Արմինֆո.Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական կորուստներին առնչվող իրավիճակը չի կարող մտահոգություն չհարուցել։ Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հոկտեմբերի 15-ին երկրում քրեածին իրավիճակին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ։
Նրա խոսքով ՝ կորուստների պատճառները բոլորի համար ակնհայտ են, բայց այս դեպքում կարևոր են դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումները: "Եթե զորամասերում "նայողների" հարցը լուծված է, ապա բանակում ինքնասպանությունների խնդիրը պահպանվում է, ինչը ոչ միայն մտահոգիչ է, այլև պահանջում է հրատապ որոշումներ կայացնել, և դա պետք է դառնա մեր աշխատանքի առաջնահերթություններից մեկը", - նշել է Քոչարյանը:
Լսումների ընթացքում Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բարձրացրել է վերը նշված խնդիրը քննարկելու համար զինդատախազին և ռազմական ոստիկանության ղեկավարին խորհրդարան հրավիրելու անհրաժեշտության հարցը: Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է, որ խնդիրը կքննարկվի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստերից մեկում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին հաղորդում էր ստացվել, որ մարտական հենակետում հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին, ով, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը, արձագանքելով այդ մահվանը, փաստել է, որ տարեսկզբից ի վեր զոհվել է ՀՀ ԶՈՒ 32 զինծառայող, թշնամու գնդակից՝ միայն 4-ը: