Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը:
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրերին, Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։
Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթները Հայաստանում լայն տարածում են գտել, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է բոլոր հիմքերով խտրական խոսույթի և ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:
Պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին:
Քննարկվել են նաև բնապահպանական իրավունքների, քաղաքացիների հանգստի իրավունքի հետ կապված խնդիրները:
Իր հերթին դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։