Արմինֆո. Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ՝ Նյումեգ հրատարակչության հետ գործընկերությամբ և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) աջակցությամբ Հայաստանը դառնում է Գոնկուրի իր ընտրությունն անցկացնող 39-րդ երկիրը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, Գրող և Գոնկուրի ֆրանսիական ժյուրիի անդամ Պասկալ Բրուկները և Գոնկուր ակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆրանսուազ Ռոսինոն Երևանում են՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Franconfest-ի շրջանակներում կայանալիք Գոնկուր մրցանակի հայաստանյան ընտրության մեկնարկի կապակցությամբ։
Գոնկուրի այս առաջին ընտրության համար Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆրանսիական գրականության բաժինների 31 ուսանողներից կազմված ժյուրին իր ընտրությունը կկատարի 2024 թվականի հոկտեմբերի 1-ին Գոնկուր ակադեմիայի կողմից հրապարակված 8 ստեղծագործություններից։
Ժյուրիի քվեարկությունը և Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողի հռչակումը 2025 թվականի մարտ-ապրիլին անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերի կարևորագույն իրադարձությունը կդառնան։ Ընտրված ստեղծագործությունը հայերեն կթարգմանի և կհրատարակի Նյումեգը։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերին Francofest-ի շրջանակում, իսկ հեղինակը կհրավիրվի Հայաստան։
Սույն նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի՝ հայ գրական և հրատարակչական դաշտում ներառելով մրցանակ՝ նվիրված ժամանակակից ֆրանսալեզու գրականությանը և հաղթող ստեղծագործության հայերեն թարգմանության հրատարակությանը։
Գոնկուրի հայաստանյան ընտրության ստեղծումը Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի Հրատարակության աջակցության ծրագրի նոր նախաձեռնությունն է, որն աջակցում է հրատարակիչներին ֆրանսալեզու գրական ստեղծագործությունների հայերեն թարգմանությամբ հրատարակելու հարցում:
Ֆրանսիական ամենահեղինակավոր գրական մրցանակը՝ Գոնկուրը, 1903 թվականից սկսած ամեն տարի շնորհվում է ֆրանսերեն արձակ գեղարվեստական լավագույն ստեղծագործությանը, որն ընտրվում է 10 հայտնի հեղինակներից բաղկացած ժյուրիի կողմից: Նոյեմբերի 4-ին Փարիզում դափնեկրի հռչակումը ֆրանսիական գրական աշխարհի կարևորագույն իրադարձությունն է։
1998 թվականին Լեհաստանում սկիզբ դրվեց Գոնկուրի առաջին օտարերկրյա ընտրությանը։ Եվ այսպիսով, յուրաքանչյուր երկրում տեղի ուսանողներից բաղկացած ժյուրին փարիզյան Գոնկուրի ստեղծագործությունների միևնույն ընտրանուց ընտրում է իր հաղթողին։