Արմինֆո. Ադրբեջանն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։
Որպես իր խոսքերի ապացույց՝ փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա ընդամենը չորս օրվա ընթացքում Ադրբեջանը բարձր մակարդակի երկու հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ:
"Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վելիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն Ադամչակի հետ։ Քննարկվել են հետևյալ հարցերը. ռազմական համագործակցություն, ռազմակրթական և տարածաշրջանային անվտանգություն։ Այսինքն, ՆԱՏՕ-ի սպաները կշարունակեն ադրբեջանցի զինվորականների պատրաստությունը, իսկ Բաքուն կզարգացնի հենց ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությունը։
Ընդամենը չորս օր առաջ՝ հոկտեմբերի 5-ին, ՆԱՏՕ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Հուսեյնզադեն հանդիպել է դաշինքի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության հեռանկարները", - նշել է նա։
Մելքոնյանը կարծում է, որ, հաշվի առնելով Բաքվի նախապատրաստական աշխատանքը, Իսրայելից եւ Թուրքիայից սպառազինությամբ չվերթների թվի ավելացումը, ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի շփումների աճը՝ ռազմական համագործակցության ծրագրերով, պետք է ավելի ուշադիր հետեւել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: