Արմինֆո. Սկսվում է Արևմտյան Ադրբեջան նախագծի իրականացումը։ Սթենդֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն այդպես է արձագանքել այն տեղեկատվությանը, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը մասնակցելու են նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ անցակետում ծառայությունն ամբողջությամբ իրականացվելու է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով:
"Արևմուտքի հանձնարարությամբ այս ռեժիմը դարպասը բացում է Ալիևի և Էրդողանի առջև (Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները - խմբ.): Հաջորդ փուլը ռուսական ռազմակայանի դուրս բերումն է Գյումրիից։ Ինչպես ցույց տվեցին վերջին մի քանի տարիները, ամեն ժողովուրդ չէ, որ արժանի է պետության", - նշել է Խաչիկյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ 2025 թվականի հունվարի 1-ին Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը մասնակցելու են նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ անցակետում ծառայությունն ամբողջությամբ իրականացվելու է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից:
Հավելենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները լքել են "Զվարթնոց"միջազգային օդանավակայանը ։
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանում ռուս սահմանապահների գտնվելու հիմքը հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրն է, որը կնքվել է Երևանում 1992թ. սեպտեմբերի 30-ին:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է 4 սահմանապահ ջոկատ ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ անցակետ Երևանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում: Հայաստանում ռուս սահմանապահների պահպանումը երկու պետությունների կառավարությունների կողմից ապահովվում է մոտավորապես հավասար։ Ի տարբերություն ռուսական ռազմակայանի, որտեղ ծառայում են բացառապես Ռուսաստանի քաղաքացիները, հանրապետությունում ՌԴ սահմանապահ զորքերում ծառայելու իրավունք ունեն նաև Հայաստանի քաղաքացիները: