Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց "Սրբազան պայքար"շարժման ակցիայի մասնակիցները վերահսկիչ մարմնին են փոխանցել երկրի պաշտոնատար անձանց, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված խախտումների մասին հաղորդումներ՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել նրան: Գլխավոր դատախազության շենքը շրջափակվել է ոստիկանության ուժեղացված ջոկատներով։
Շարժման ներկայացուցիչ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը նշել է, որ արդեն մի քանի տարի Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչները տարբեր աստիճանի հանցագործություններ են կատարում: "Հիմա եկել է հարցը իրավական դաշտ տեղափոխելու պահը։ Շատ կարևոր է հասկանալ ՝ երկրի իրավապահ համակարգը ընթացք կտա այդ հանցագործություններին, թե՝ ոչ ։ Այս հարցի վերաբերյալ Գլխավոր դատախազության պատասխանը պահանջում է նաև ժողովուրդը", - ասել է Մանուկյանը, հավելելով, որ բողոքի շարժումը սկսվել է զոհված զինվորների ծնողների պահանջից։
Ի դեպ, ինչպես ընդգծել է ցուցարարը, վերահսկիչ մարմնից առանձնապես ակնկալիքներ չկան, քանի որ գլխավոր դատախազության ղեկավար Աննա Վարդապետյանը բազմիցս հայտարարել է, որ Հետաքննությունների ընթացքի մասին պարբերաբար զեկուցում է անձամբ վարչապետին: Հետևաբար, նա հրահանգներ է ստանում հենց Փաշինյանից։ "Ավելի լավ չէ նաև դատարաններին առնչվող իրավիճակը, այսինքն, երկրի ողջ դատաիրավական համակարգը գտնվում է Փաշինյանի վերահսկողության տակ, որը կորցրել է վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ և այժմ զբաղված է միայն հեծանվային զբոսանքներով", - ընդգծել է շարժման ներկայացուցիչը, միաժամանակ նշելով, որ, ամեն դեպքում, առկա խնդիրը պետք է տեղափոխել իրավական դաշտ: "Ես հավատում եմ, որ արդարությունը կհաղթի, թեկուզ՝ իշխանափոխությունից հետո", - եզրափակել է Խաչիկ Մանուկյանը: