Արմինֆո.Երեւանը Բաքվի կողմից քաղաքական կամք չի տեսնում խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այդ մասին հոկտեմբերի 2-ին Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այսօր իրական հնարավորություն է ստեղծվել փակելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը և բացել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության էջը: Սակայն, Միրզոյանի ասելով, Ադրբեջանը նախկինի պես հրաժարվում է ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը՝ առաջ քաշելով նորանոր պահանջներ։
"Մենք տեսնում ենք, որ նրանք, պարզապես, չեն ցանկանում ստորագրել պայմանագիրը։ Աշխարհում չկա այնպիսի համաձայնագիր, որը կկարգավորի բոլոր հարցերը կողմերի միջև, մենք առաջարկում ենք ստորագրել փաստաթղթի համաձայնեցված մասը, այնուհետև բանակցել այլ հարցերի շուրջ։ Ցավոք, մենք չենք տեսնում Ադրբեջանի քաղաքական կամքը այս հարցում", - ասել է Միրզոյանը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ներկայացրել է է Բաքվի ծրագրերի հետ կապված իր մտահոգությունները։ "Լուրջ մտավախություններ կան, որ Ադրբեջանը հեռահար ռազմական ծրագրեր ունի Հայաստանի և նրա տարածքների նկատմամբ։ Օրինակ, ներկայումս Ադրբեջանն օգտագործում է "Արևմտյան Ադրբեջան" պատումը՝ այդ տերմինի տակ նկատի ունենալով Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Բաքվում վստահեցնում են, որ դա տարածքային պահանջ չէ, բայց տպավորությունն այլ է", - ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Երեւանը մտահոգված է վերջին իրադարձություններով (Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների միջեւ հարաբերությունների սրմամբ -խմբ.): "Մենք Հայաստանում անում ենք հնարավորը տարածաշրջանում խաղաղության հասնելու համար և տեսնում ենք, որ որոշ այլ երկրներ հրթիռներով հարվածում են միմյանց, իհարկե, մենք մտահոգված ենք", - ասել է Միրզոյանը, հույս հայտնելով, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում կգտնվի Մերձավոր Արևելքի հակամարտության լուծումը: