Արմինֆո. Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում պետք է լինի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչ։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Արփի Դավոյանը ՝ մեկնաբանելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականը։
Պատգամավորի ասելով՝ կառավարող խմբակցության պատգամավորները, Մինասյանի հրաժարականի համար ստորագրահավաք կազմակերպելով, ընդամենը, կատարել են իրենց վերապահված վերահսկիչ գործառույթները: "Պատգամավորների մտահոգությունները ոչ այսօր են առաջացել, ոչ էլ՝ երեկ, դա բավականին երկար գործընթաց է։ Այդ պատճառով՝ խոսել այն մասին, թե Մինասյանի հրաժարականի մասին որոշումը կայացվել է երեկ, իրականությանը չի համապատասխանում ", - ասել է Դավոյանը՝ հրաժարվելով ներկայացնել խորհրդարանականների հիմնավորումները։
ԱԺ մեկ այլ պատգամավոր Լուսինե Բադալյանը, իր հերթին, լրագրողներին կոչ է արել աշխատանքից ազատվելու պատճառը չկապել Գրիգոր Մինասյանի և նրա եղբոր ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի ազգակցական կապի առկայության հետ: Նրա ասելով՝ խոսքն, ընդամենը, նախարարի կատարած աշխատանքի որակի մասին է։ "Գրիգոր Մինասյանը ոչնչով չի տարբերվում կառավարության մյուս անդամներից։ Ես՝ անձամբ, հիմքեր ունեմ կառավարության բոլոր անդամներից հաշվետվություն պահանջելու նախատեսված և կատարված ծրագրերի մասին, արդյոք նրանք կատարել են այն բոլոր խոստումները, որոնք տվել են ժողովրդին ։ Այլ կերպ ասած ՝ անձնական ինչ-որ խնդիրների մասին խոսք չկա", - ասել է Բադալյանը, հիշեցնելով, որ Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Նա հավելել է, որ եթե այս կամ այն նախագծերը չեն իրականացվում, ապա, համապատասխանաբար, պետք է պատասխանատվության պահանջ հնչի: Այսօր, ըստ Բադալյանի, խնդիրներ կան ոչ միայն Արդարադատության նախարարությունում։ "Կուզենայի, որ բոլոր գերատեսչությունների ղեկավարներն իմանային, որ Ազգային ժողովում կիրառվում են վերահսկողության առկա բոլոր մեխանիզմները", - ասել է Լուսինե Բադալյանը:
Նշենք, որ ավելի վաղ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին սկսել Գրիգոր Մինասյանի հրաժարականի պահանջով կառավարության ղեկավարին ուղղված դիմումի տակ: Անհրաժեշտ էր հավաքել 24 ստորագրություն։ Խորհրդարանականների դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ կառավարությունում պետք է լինի կառավարող թիմի ներկայացուցիչ։ Պատգամավորները հաշվի են առել նաև այն հանգամանքը, որ արդարադատության նախարարը Վատիկանում նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբայրն է: Իրավիճակը բարդացրել է այն հանգամանքը, որ վերջերս փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցի Սիրվարդ Գևորգյանը, ով, ի դեպ, ծավալված քննարկումներից հետո լքել է պաշտոնը ։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Գրիգոր Մինասյանի թեկնածությունն ավելի վաղ երաշխավորել էր ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ով արդարադատության նախարարի հետ բարեկամական հարաբերություններ ունի: Հայկական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մինասյանի հրաժարականի դեպքում Անդրեասյանը ևս պաշտոնից ազատվելու դիմում կներկայացնի: