Արմինֆո.«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը մեկնաբանել է նախօրեին Սահմանադրական դատարանի կայքում հրապարակված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշման աղմկահարույց տեքստը:
«Կարդացի ՍԴ քննարկվող որոշումը: Այդ անհասկանալի տեքստից ընդամենը 2 բան հասկացա.
1) Որոշումը որեւէ առնչություն չունի այդ հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի հետ,
2) Որոշմամբ ՍԴ-ն պնդում է, որ Հայաստանը դեռ 1995 թվականի Սահմանադրությամբ էր հրաժարվել Անկախության հռչակագրից, իսկ 2005-ին ու 2015-ին ոչինչ այդ մասով չէր փոխել:
Սրանից ավել բան հասկացողները հավանաբար միայն սահմանադրագետներն են...
Հ. Գ. Իրենց մասով էլ կասկածներ ունեմ», - գրել է Բաբայանը:
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին սոցիալական ցանցերի հայկական հատվածում հերթական սկանդալն է բռնկվել։ Այն հաարուցված էր Սահմանադրական դատարանի կայքում հրապարակված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշմամբ։
33 էջանոց որոշման տեքստի 26- 27-րդ էջերում, մասնավորապես, նշվում է. «ԽՍՀՄ կուռ և միաձույլ, դրա իրավազորության ներքո գտնվող ժողովուրդների անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական ազատությունների և իրավական պետության գաղափարներին արմատապես հակադրվող և դրանց նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողական գաղափարաբանությամբ ամբողջությամբ ներծծված իրավակարգի պայմաններում Հռչակագիրը, փաստացի ճեղքելով սովետական իրավական կայունության պատնեշը, ապահովել է այն իրավական պատուհանը, որով, հաջորդաբար, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմամբ Հայաստանը հասել է վերը նշված հանգրվաններին։ Ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված շրջանակից 27 դուրս Հռչակագրի որևէ դրույթի սահմանադրական (առավել ևս՝ Սահմանադրության անփոփոխ) դրույթի իրավական ուժով օժտված լինելու ուղով շարժվելու հետևանքային ազդեցությունը «սահմանադրական երկիշխանության» վտանգի ներուժով, Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։ Սա չի եղել ո՛չ Հռչակագրով, ո՛չ էլ Սահմանադրությամբ հետապնդվող նպատակ։
3.6. Վերը նշված բոլոր նկատառումների հանրագումարային համակցության արդյունքում սույն որոշման 2-րդ կետում շարադրված հարցի ամբողջական լուծման նպատակով Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ:
3.7․ Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»։
Նշենք, որ Հայաստանի գործող իշխանություններն արդեն իսկ խախտել են ՀՀ սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը՝ միակողմանիորեն Արցախը ճանաչելով ադրբեջանական։ Ավելին, այդ քայլով Հայաստանի Սահմանադրական դատարանը, որն օրենսդրությամբ պարտավոր է լինել իշխանության անկախ ճյուղ, տեղի է տալիս Հայաստանի իշխանություններին և, ի շահ Ադրբեջանի, փոխում է երկրի գլխավոր օրենքը, ընդ որում ՝ կրկին անօրինական ճանապարհով։ Հավելենք, որ ՀՀ սահմանադրության նախաբանը Հայաստանի օրենսդրությամբ անձեռնմխելի է և չի կարող փոփոխվել երկրի այս կամ այն իշխանության կամքով: