Արմինֆո. Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Փարիզում Հայաստանի դեսպանատանը ելույթի ժամանակ անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը և Արցախի նկատմամբ ռազմական ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանմանը:
"Ֆրանսիան ոչինչ չի մոռանում. ոչ միջազգային իրավունքի խախտումն ու չհիմնավորված ուժի կիրառումը, չնայած շարունակվող բանակցային գործընթացին և խաղաղության ուղիների գոյությանը, ոչ էլ այդ գործողությունների հետևանքով առաջացած մարդկային անչափելի տառապանքները", - նշել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Նախարարը հավելել է, որ Ֆրանսիան շարունակելու է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին, որոնք այսօր նրանց կողքին են:
Շարունակելով իր ելույթը՝ նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը ՝ շարունակելու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հայերի ՝ հայրենիք վերադառնալու իրավունքի պաշտպանության և հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ, որոնք նույնպես իրենց արտացոլումն են գտել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ:
Անդրադառնալով երկու ժողովուրդներին միավորող առանձնահատուկ բարեկամությամբ, եղբայրությամբ և համերաշխությամբ բնորոշվող կապերին՝ նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի աներկբա հանձնառությունը ՝ գործելու ի նպաստ Հայաստանի ինքնիշխանության, կայունության և ժողովրդավարության ամրապնդման: "Ֆրանսիան կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության նկատմամբ հարգանքի վրա և ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ՝ կոչ անելով շուտափույթ ստորագրել խաղաղության պայմանագիրը", - ասել է Բարրոն:
Իր ելույթում նա ընդգծել է վերջին տարիներին հայ-ֆրանսիական հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը, այդ թվում ՝ ռազմավարական նշանակության ոլորտներում, նշելով, որ Ֆրանսիան շարունակելու է այդ համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված ջանքերը: