Արմինֆո. Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ՝ խաղաղության շուրձ բանակցությունների "եզրափակիչ փուլին" հասնելու համար: Այդ մասին հաղորդում է TURAN-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ:
Միևնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ անհասկանալի է մնում, թե ինչպիսին կլինի "եզրափակիչ փուլը", կամ ինչպիսին կարող է լինել դրա արդյունքը: Պետդեպարտամենտն այդ առնչությամբ որևէ մեկնաբանություն չի ներկայացրել:
Նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս պահին գտնվում են Նյու Յորքում ՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քննարկումներին:
Աղբյուրները գործակալությանը հաղորդել են, որ վաղը սպասվող հանդիպումը կլինի երեք ամսից Էլ պակաս ժամանակահատվածում ԱՄՆ-ում Բլինքենի երկրորդ եռակողմ հանդիպումը ադրբեջանցի և հայ գործընկերների հետ: Վերջին անգամ գլխավոր դիվանագետները հանդիպել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
Հավելենք, որ այս ամիս Բլինքենն առանձին-առանձին բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ և "ողջունել" կողմերի միջև վերջին առաջընթացը, այդ թվում ՝ սահմանազատման կարգավորման մասին համաձայնագիրը: