
Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է "խաղաղ գործընթացն արհեստականորեն ձգձգելու" համար:
7-րդ գումարման Միլի մեջլիսի առաջին նիստում Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում ունեցած իր ելույթի ժամանակ Ալիևը նշել է, որ ադրբեջանական առաջին նախագիծը Հայաստան ուղարկելուց հետո մինչ օրս տեղի է ունեցել մեկնաբանությունների տասը փոխանակում:
"Մի քանի ամիս անց մենք, բնականաբար, սպասում էինք, որ Հայաստանն ավելի օպերատիվ և արագ կներկայացնի մեզ իր մեկնաբանությունները ։ Բայց մենք տեսնում ենք, որ ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը: Մենք պետք է 70 օր սպասեինք՝ նախքան նրանց վերջին տարբերակը ստանալը: Բոլոր չհամաձայնեցված դրույթները դուրս են մնացել խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Այսինքն ՝ նման պարզունակ և ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր", - նշել է Ալիևը, որի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այնուհետև Ադրբեջանի նախագահը դժգոհություն է հայտնել Հայաստանի կողմից սպառազինության գնման կապակցությ0ամբ , նշելով, թե, իբր, որոշ արևմտյան պետություններ ցանկանում են Հայաստանին տրամադրել Ադրբեջանի դեմ: Եվ որքան էլ դա տրիվիալ հնչի, Ալիեւը հանկարծ մտահոգվել է հայ ժողովրդի ճակատագրով, այն ժողովրդի ճակատագրով, որին բառացիորեն մեկ տարի առաջ հայրենազրկեց ։
"Նրանց համար հայ ժողովուրդն, ընդամենը, գործիք է, միջոց՝ Ադրբեջանին մշտական ճնշման տակ պահելու, Հայաստանի տարածքն օգտագործելու, այստեղ Ադրբեջանի և Հայաստանի մյուս հարևանների համար սպառնալիքի աղբյուրներ ստեղծելու և, այդպիսով, սեփական շահերն ապահովելու համար", - ասել է Ալիևը։
Ընդ որում, նա չի զլացել պարծենալ Ադրբեջանի ռազմական հզորության աճով։ "Ստեղծվել են նոր զինված միավորումներ, մի քանի անգամ ավելացել է հատուկ նշանակության ուժերի թիվը ։ Այսինքն, ստեղծվել են հատուկ նշանակության ուժեր, կոմանդոսներ, և նրանց թվակազմը տարեցտարի աճում է և աճելու է ։ Ընդգծելով, որ Ադրբեջանի բանակի մարտունակությունն աճում է, նրա զինտեխնիկայով հագեցվածությունն ապահովվում և ապահովվելու է պատշաճ մակարդակով: Հայաստանը և նրա հետևում կանգնած ցանկացած երկիր պետք է իմանան, որ մեզ հետ հնարավոր չի լինի խոսել շանտաժի և վերջնագրի լեզվով։ Մենք պատրաստ ենք, ունակ ենք ցանկացած պատասխան տալու և միշտ պետք է պատրաստ լինենք դրան", - սպառնացել է խաղաղասեր Ալիևը։
Նա հավելել է, որ արդեն գործնական հարթություն է անցել մի քանի օտարերկրյա գործընկերների հետ նոր արտադրական տեղամասերի ստեղծումը, ընդգծելով, որ այսօր Ադրբեջանը ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքն արտահանում է տասնյակ երկրներ, և մատակարարումների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է:
Ալիևը նաև դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ արտաքին շրջանակները չեն մարսել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացումը և "երկրի դեմ նոր ծրագրեր են մշակում":