Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից հանրապետության ինքնիշխանությանն սպառնացող վտանգի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները հակասում են ողջախոհությանը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Ինձ թվում է, որ դրանք (հայտարարությունները) հակասում են ողջախոհությանն ու իրականությանը ։ Որովհետև, եթե ինչ-որ բան "սպառնում է" քեզ, առավել ևս՝ ազգային անվտանգությանը, ապա ինչ իմաստ ունի խոսել այն մասին, որ նրանք (Հայաստանը) այնտեղ (ՀԱՊԿ-ում) դեռ մնում են: Եթե նրանք մնում են, ուրեմն, նրանք դրանում ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Ընդ որում, միաժամանակ, նրանք ասում էին, որ ՀԱՊԿ-ը "դուրս է եկել Հայաստանից"։ Այս ամենը հակասում է առողջ բանականությանը եւ տրամաբանությանը", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է ռուս դիվանագետը՝ Կանանց եվրասիական IV համաժողովի հարթակներում։
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Համաշխարհային հայկական գագաթնաժողովում, ՀԱՊԿ-ն անվանել էր սպառնալիք Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համար: "Մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ – ին՝ ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի կատարում Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորությունները, այլ նաև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար", - հայտարարել էր Փաշինյանը:
Կրեմլում հերքել են այդ մեղադրանքները և խոստացել հայկական կողմին հասցնել իրական իրավիճակը ։