Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նախկինի պես Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ "Դաշնակիցներ: ՀԱՊԿ" հասարակական-քաղաքական պարբերականին:
Գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել Ռուսաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին: "Ինչպես գիտեք, նշված միջոցառումներին չեն մասնակցել Հայաստանի ներկայացուցիչները։ Այնուամենայնիվ, մենք նախկինի պես Հայաստանը դիտարկում ենք որպես իրավահավասար գործընկեր կազմակերպության ձեւաչափում, պատրաստ ենք երկխոսության երեւանցի գործընկերների հետ՝ արդիական հարցերի ողջ սպեկտրի շուրջ", - նշել է Տասմագամբետովը։
Հավելենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է Հայաստանի համար: Ավելի վաղ նա հայտարարել էր կազմակերպությանը անդամակցության սառեցման մասին, թեև ՀԱՊԿ կանոնադրության մեջ նման գործառույթ չկա։