Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Վահագն Խաչատուրյանն իր ողջույնի խոսքում ասել է.
«Սփյուռքի գործերի հարգելի՛ Գլխավոր հանձնակատար, Կառավարության հարգելի՛ անդամներ,
Սիրելի՛ հայրենակիցներ, տիկնա՛յք և պարոնա՛յք Ուրախ եմ ողջունել ձեզ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը:
Այսօրինակ միջոցառումները սպասված և ուրախալի հերթական առիթն են միմյանց հանդիպելու, մեր առջև ծառացած խնդիրները բացահայտելու և միասնական ջանքով դրանց լուծումներ գտնելու համար: Սփյուռքը մեր երկրի և մեր քաղաքացիների հարստությունն է՝ իր բազմազանությամբ, դերակատարությամբ ու հնարավորություններով, և համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետությունն աշխարհասփյուռ հայության տունն ու հանգրվանն է՝ անկախ ժամանակից, իշխանություններից, ներքին ու արտաքին զարգացումներից:
Մեզ համար միշտ կարևոր է Սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումները՝ ձեզ մտահոգող ու հուզող խնդիրներին առավել հանգամանալից ծանոթանալու տեսանկյունից: Այն նաև հիանալի հնարավորություն է քննարկելու տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, մեր երկրի առաջընթացին ու զարգացմանն առնչվող հարցերը:
Ժամանակի և մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների անկասելի ընթացքի մեջ, երբ մենք ականատես ենք արագընթաց զարգացումների, տեխնոլոգիաների, գիտության, հաղորդակցության և անգամ աշխարհակարգերի փոփոխությունների, որոնք առաջադրում են նոր մարտահրավերներ և պահանջում նոր լուծումներ ու սկզբունքներ, երբեմն հրամայական է դառնում անդրադառնալ ավանդական հարաբերություններին: Այս առումով միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է:
Ես շատ հաճախ, Սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումներում ասում եմ, որ նրանք մեր երկրի դեսպաններն են ամբողջ աշխարհում, ուստի՝ եթե պատկերավոր ասենք՝ ի դեմս ձեզ Հայաստանն ունի աշխարհում ամենամեծ դիվանագիտական ապարատը, քանի որ լինելով ձեր երկրների արժանավոր և պատասխանատու քաղաքացիներ, դուք միաժամանակ ներկայացնում եք նաև այսօրվա Հայաստանը, մեր մշակույթը, ավանդույթներն ու պատմությունը:
Այսօր մենք կանգնած ենք պատմության առանցքային փուլում՝ արմատական փոփոխությունների, նոր հարաբերությունների և հնարավորությունների ժամանակաշրջանում: Չնայած բոլոր առկա խնդիրներին, Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության դարաշրջան հաստատելու իր հանձնառությանը: Մենք ձեռնամուխ ենք եղել համընդգրկուն բարեփոխումների իրականացման՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, երկրի պաշտպանունակության բարձրացմանը, տնտեսական մրցակցային և գրավիչ միջավայրի ձևավորմանը, երկրում արդարադատության հաստատմանը, քաղաքացիների կյանքի որակի, բարեկեցության բարելավմանը: Այս բարեփոխումներն այն հիմքն են, որի վրա կառուցում ենք ավելի անվտանգ, արդար, բարգավաճ, ներառական և հզոր Հայաստան։
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք բախվում ենք մարտահրավերների, որոնք ստուգում են մեր վճռականությունը, ուժն ու ճկունությունը: Ձեր ներգրավվածությունը չափազանց կարևոր է՝ լինի դա մշակութային նախաձեռնությունների, կրթական ծրագրերի կամ ներդրումների միջոցով:
Հավատացած եղեք, որ հեռավորությունը չի կարող նվազեցնել մեր ընդհանուր կապը, ձեր ձայնը լսելի է, ձեր գործողությունները կարևոր են, և մենք միասին կարող ենք կառուցել այն Հայաստանը, որը կարտացոլի մեր հավաքական ձգտումները»: