Արմինֆո.Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել։
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր։
Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլեւ մեր մասին աշխարհի պատկերացումները էապես լավարկելու ենթատեքստ ունի», - գրել է Փաշինյանը։
Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյան «Հայրիկի» անունը հիշատակելիս բոլորը հիշում են "երկաթե շերեփների" մասին հայտնի արտահայտությունը ։ Վերադառնալով Բեռլինի կոնգրեսից, որտեղ նա գլխավորում էր հայկական պատվիրակությունը, Խրիմյան Հայրիկը հանդես է եկել "երկաթե շերեփների" մասին իր ամենահայտնի ելույթով: Նա հայտարարել է, որ հայերը փրկության իրենց հույսերը դրել են ուրիշների վրա, փոխանակ իրենք դրանով զբաղվեն։ Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսը համեմատել է հարիսա ուտելու հետ և ընդգծել, որ մեծ տերություններն ունեն երկաթե շերեփներ, որոնցով հեշտությամբ կարող էին վերցնել իրենց հասանելիքը, մինչդեռ, ինքը ստիպված էր հայերի համար ճանաչման հասնել՝ թղթե շերեփով: Նա կոչ է արել հայերին մի կողմ դնել իրենց երկչոտությունը և տեր կանգնել սեփական ճակատագրին ։