Արմինֆո.Բաքուն մտահոգված է երկրի անվտանգության և պաշտպանունակության «մի քանի մակարդակով» բարձրացմանն ուղղված Երևանի միջոցառումներով: Այդ մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա ասելով՝ Ադրբեջանը, ըստ էության, մտահոգված է, որ Հայաստանի կառավարությունը եւ զինված ուժերը լայնածավալ միջոցառումներ են իրականացնում երկրի անվտանգության եւ պաշտպանունակության "մի քանի մակարդակով" բարձրացման ուղղությամբ: "Առաջնագծի ողջ երկայնքով ընթանում են ամրաշինական աշխատանքներ։ Հենց դա է Ադրբեջանում անհանգստություն առաջացնում", - ասել է Քոչարյանը, հավելելով, որ Հայաստանին, իր հերթին, անհանգստացնում են Ադրբեջանի կողմից սպառազինության լայնածավալ գնումները։
Նշենք, որ վերջին շրջանում ՀՀ ՊՆ-ն ավելի հաճախ է ստիպված լինում հերքել Բաքվի հերթական ապատեղեկատվությունը, անգամ՝ օրը մի քանի անգամ: Եվ յուրաքանչյուր հերքումից հետո ՀՀ ՊՆ - ում ԱՀ գործընկերներին հիշեցնում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ դրանց վերաբերյալ տեղեկատվության հետաքննության հայ-ադրբեջանական համատեղ մեխանիզմ, ինչին Ադրբեջանն այդպես էլ չի արձագանքել: