Արմինֆո.Երևանում ընթացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները նախօրեին մայրաքաղաք ժամանած Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ:
Նշենք, որ Սեժուրնեի այցը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ: Սեժուրնեն ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:
Երեւան այցին ընդառաջ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում տեսաուղերձ է հրապարակել, որում նկարագրել է Հայաստան, Հունաստան եւ Մոլդովա իր առաջիկա այցերի նպատակները:
"Ֆրանսիական դիվանագիտությունն այս երեք գործընկերների հետ հանձնառու է Եվրոպայում և Եվրոպայի համար խաղաղության և ինքնիշխանության գործին։ Հայաստանն ու Մոլդովան, քանի որ ընտրել են ժողովրդավարությունն ու անկախությունը եւ դեպի Եվրոպա տանող ճանապարհը, նույնպես բախվում են ապակայունացման փորձերի եւ անընդունելի ճնշումների:
Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. դա պատմական գործընկեր, բարեկամ երկիր է, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության ձգտմանը անսասան է: Մեր համագործակցությունն ուժեղ է, և մենք ամրապնդում ենք այն. մենք աջակցում ենք ռազմավարական ենթակառուցվածքի զարգացմանը՝ Հայաստանի կայունությունն ապահովելու համար", - նշել է Սեժուրնեն ։