Արմինֆո. Սոցիալիստական երիտասարդության միջազգային միության (International Union of Socialist Youth -IUSY) փոխնախագահ , ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Այd մասին նա հայտարարել է IUSY-ի ղեկավարության ժողովի եւ երիտասարդ սոցիալ-դեմոկրատական խորհրդարանականների ֆորումի ժամանակ, որն անցկացվել է սեպտեմբերի 6-10-ը Ռաբաթում (Մարոկկո):
Հանդես գալով զեկույցով ՝ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի այսօրվա արտաքին մարտահրավերները, մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը և ուժի կիրառման սպառնալիքով զիջումների ապօրինի պահանջը: IUSY-ի փոխնախագահը հիշեցրել է 2023թ. աշնանը Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտման, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին և ուշադրություն հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների վրա:
Բացի այդ, նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես, մատնանշել ընդդիմադիր ուժերի և անհատների նկատմամբ իշխանությունների քաղաքական հետապնդումները, ինչպես նաև ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը:
ՀՅԴ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, համաժողովի շրջանակներում Սարինե Աբրահամյանը հանդիպել է Մարոկկոյից, Կոլումբիայից և Կաբո Վերդեից ժամանած պատգամավորների հետ ' վերջիններիս հետ քննարկելով Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի հետ կապված հարցեր:
Ներկայացնելով վերոնշյալ խնդիրները՝ նա ընդգծել է Արցախի քաղաքական ղեկավարության և բոլոր պահվող անձանց ազատ արձակման անհրաժեշտությունը: Աբրահամյանը պատգամավորներին կոչ է արել իրենց կառավարություններից պահանջել դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը և պահանջել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ. Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: