Արմինֆո.Վերջին շրջանում ամեն օր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա։ Այս հայտարարությունները, որոնք գրեթե աննկատ են մնում մեր հանրային օրակարգից, իրականում Հայաստանի դեմ վարվող տոտալ պատերազմի կարևոր դրվագներն են։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Դրանք, ամենայն հավանականությամբ, Տիգրանաշենի ուղղությամբ (Արարատ-Վայոց Ձորի սահմանագծին) ադրբեջանական ռազմական հարձակման իրավական «հիմնավորման» նախապատրաստությունն են։ Սա արվում է թե՛ հողի վրա՝ իրական հարձակման համար, և թե՛ դիվանագիտական ճնշում բանեցնելու համար՝ հերթական զիջումների հարցում։
Թվացող անդորրը, որը յուրատեսակ ձևով պարուրել է մեր հասարակությանը, շուտով հերթական անգամ «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի։ Չեմ հոգնի կրկնել. կանգնեցնելու միակ լծակը մեր՝ հասարակության ձեռքին է», - գրել է Վարուժան Գեղամյանը:
Նշենք, որ վերջին շրջանում ՀՀ ՊՆ-ն ավելի հաճախ է ստիպված լինում հերքել Բաքվի հերթական ապատեղեկատվությունը, անգամ՝ օրը մի քանի անգամ: Եվ յուրաքանչյուր հերքումից հետո Հայաստանի ՊՆ-ում ԱՀ գործընկերներին հիշեցնում են, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։