Արմինֆո.2024 թվականի առաջին կիսամյակում, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 17.2% - ով: Այդ մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդել Է սեպտեմբերի 12-ին կառավարության նիստում:
Կառավարության հաղորդագրության համաձայն, գլխավոր դատախազն իրավիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ «Հարցերը, որոնք պատգամավորներն ուղղում էին, ենթադրում եմ՝ հիմնված էին 2023 թվականի մեր տարեկան հաղորդման շրջանակում ներկայացված տվյալների վրա, որտեղ հանցավորության աճ կար արձանագրված։ Բայց 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մենք ունենք նվազում։ Եթե համեմատում ենք մինչև 2022 թվականը, մեր վիճակագրության վարման ձևաչափը տարբերվում է 2022 թվականից հետո վարման կարգից, որովհետև փոխվել է Քրեական դատավարության օրենսգիրքը: Եվ այս պահին արդեն գործող օրենսգրքով մենք նախաձեռնում ենք վարույթ, իսկ վարույթ նախաձեռնելու հիմքերը բավական ցածր են, ինչը նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր դեպքով մենք նախաձեռնում ենք վարույթ»,- նշել է Աննա Վարդապետյանը։
Նա ներկայացրել է ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալները 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է հանցագործության 18 հազար 818 դեպք, մինչդեռ 2023 թվականին նույն ժամանակահատվածում գրանցվել էր 19 հազար 891 դեպք։ 2023 թվականին առավելապես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են արձանագրվել։ Պատկերը չի փոխվել այս կիսամյակի ընթացքում, 81,7 տոկոսը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են։ «Եթե հանկարծամահությունները հանենք, 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ ծանր հանցագործությունների թիվը ևս նվազել են 8,2 տոկոսով, բայց դրան հակառակ՝ 17,8 տոկոսով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Եվ այն ինչ մեզ համար մտահոգիչ է և վերլուծության առարկա կդառնա՝ դա զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճն է»,- ասել է Աննա Վարդապետյանը: