Արմինֆո.Աշխարհահռչակ իրավաբան և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին նախագահ, դոկտոր Չիլի Էբոե-Օսուջին 2024 թվականի հոկտեմբերի 1-ից կդառնա Զորյան ինստիտուտի տնօրենների ակադեմիական խորհրդի անդամ:
Այդ կապակցությամբ Զորյան ինստիտուտի խորհրդի անդամ դոկտոր Ուիլյամ Շաբասը հիշեցրել է, որ դատավոր Էբոե Օսուջին երկար եւ ակնառու կարիերա է ունեցել միջազգային արդարադատության ոլորտում՝ հասնելով Միջազգային քրեական դատարանի նախագահի ամենաբարձր պաշտոնին: "Նա վիթխարի փորձ, ինչպես նաև մեծ իմաստություն է բերում Զորյանի ակադեմիական խորհուրդ", - հավելել է դոկտոր Շաբասը:
Ինստիտուտում նաև հիշեցրել են, որ դոկտոր Էբոե Օսուջին ՄՔԴ-ի չորրորդ նախագահն է եղել՝ 2018-2021 թվականներին, իսկ մինչ այդ աշխատել է ՄՔԴ-ի դատավոր՝ 2012-2018 թվականներին: Բացի այդ, նա եղել է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի իրավախորհրդատու (2010-2012 թթ.), իսկ մինչ միջազգային հանրային ծառայությանը միանալն զբաղվել է փաստաբանական գործունեությամբ Կանադայում և Նիգերիայում:
Իր հերթին՝ ինստիտուտի տնօրեն Գրեգ Սարգսյանը նույնպես ողջունել է դոկտոր Էբոե Օսուջիի՝ ինստիտուտի ակադեմիական խորհրդին միանալու որոշումը: "Զորյան ինստիտուտի աշխատակիցները հպարտանում են նրա ակադեմիական խորհուրդների կազմում ընդգրկված աշխարհահռչակ գիտնականներով։ Անշուշտ, դոկտոր Էբոե Օսուջիի նման հեղինակավոր գիտնականի մուտքը ինստիտուտի խորհուրդ կօգնի ինստիտուտը նոր մակարդակի բարձրացնել", - նշել Է Սարգսյանը։
Զորյան ինստիտուտը շահույթ չհետապնդող գիտահետազոտական ինստիտուտ է։ Կազմված է 1982 թվականին Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջում և 1984 թվականին Տորոնտոյում ստեղծված միջազգային ակադեմիական և գիտական կենտրոններից, որոնք զբաղվում են հայ ժողովրդի պատմությանը և կյանքին վերաբերող գիտական նյութերի փաստագրմամբ, ուսումնասիրմամբ և տարածմամբ, այդ թվում ՝ նաեւ միջազգային հարաբերությունների համատեքստում ։