Արմինֆո.Հայաստանը փոխանցել է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրությունը։ Սեպտեմբերի 9-ին այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եվ նաև գաղտնիք չի արդեն, որ այս խմբագրությունը մեծ հաշվով ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներն են, կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր, և ըստ էության, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հավատացած ենք, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը և Հարավային Կովկասում մեր մասով երկարատև կայունության և խաղաղության էջ բացել և դարաշրջան բացել։
Իհարկե, չեմ մանրամասնի նաև ենթակառուցվածքների հատվածը, մեր մոտեցումը հանրահռչակված է։ Մենք պատրաստ ենք օր առաջ, րոպե առաջ սկսել ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը՝ մեզ բոլորիս հայտնի «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգում ներկայացված սկզբունքների շրջանակներում», - հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Ընդհանուր առմամբ, Միրզոյանը հստակեցրել է, որ խաղաղության պայմանագիրը ներառում է 16 կետ, որոնցից 13 - ն ամբողջությամբ համաձայնեցված են։
Անդրադառնալով Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների միջև նախօրեին ստորագրված կանոնակարգին ՝ նախարարը նշել է, որ այստեղ հանրությունից գաղտնիքներ չկան, և որևէ տհաճ անակնկալ ևս չի սպասվում: Նա ընդգծել է, որ կողմերը հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա (1991թ.), ինչպես նախկինում հայտարարվել էր, իսկ այլ սկզբունքներ, որոնք կարող էին փոխարինել այդ փաստաթղթին, չեն քննարկվել: