Արմինֆո.Հայաստանի Հանրապետությանն Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցության չափը կավելանա 130 մլն դոլարով: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխության ստորագրման առաջարկությանը: Նախատեսվում է կատարել փոփոխություն, համաձայն որի Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 130,000,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250,000,000 ԱՄՆ դոլարի: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել արդյունավետ և հաշվետու կառավարման ինստիտուցիոնալացմանը, քաղաքացիական մասնակցությանը՝ հանուն ժողովրդավարական համախմբման ամրապնդման, տնտեսական կառավարման ուժեղացմանը, թիրախային ոլորտների մրցունակության բարձրացմանը, բնական պաշարների կայուն կառավարման բարելավմանը: Փոփոխության նախագծի ստորագրումը կնպաստի համաձայնագրով սահմանված հիմնական նպատակների իրականացմանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով: