Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների վերաբերյալ դրույթը կուղարկվի ՀՀ Սահմանադրական դատարան: Այդ մասին սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
Կառավարության հաղորդագրության համաձայն, գործադիրը հավանություն է տվել 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կանոնակարգը կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է չզեկուցվող փաթեթով ընդունված այս որոշմանը և նշել. «Հարցը մենք ուղարկում ենք Սահմանադրական դատարան՝ նրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը ստուգելու համար: Սահմանադրական դատարանի դրական որոշումը ստանալու պարագայում հարցը կգնա Ազգային ժողով վավերացվելու և այնտեղ, թերևս, ավելի մանրամասն քննարկում տեղի կունենա: Մենք պատեհ չհամարեցինք Սահմանադրական դատարան ուղարկելուց առաջ Կառավարության նիստում ընդլայնված քննարկում անել այս հարցով, ինչը, կարծում եմ, տվյալ պարագայում ճիշտ մոտեցում է: Քաղաքական և բովանդակային ավելի մանրամասն քննարկումներ Սահմանադրական դատարանի դրական դիրքորոշման դեպքում տեղի կունենան Ազգային ժողովում, իսկ բացասական դիրքորոշման դեպքում արդեն դա լրիվ ուրիշ պատմություն է: Այնպես որ, այսօր, կարծում եմ՝ քննարկելու անհրաժեշտություն չկար, բայց մյուս կողմից ցանկացա արձանագրել, որ որոշումը կայացված է, և մենք հիմա սպասելու ենք Սահմանադրական դատարանի որոշմանը»: