


Արմինֆո.Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել այսուհետեւ էլ աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման գործում։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի տարածած հաղորդագրությունում:
Ըստ Կրեմլի՝ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկումը, այդ թվում՝ հաշվի առնելով Բաքու պետական այցի ընթացքում Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
"Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը հետագայում ևս աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջ մղման, ինչպես նաև տրանսպորտային - լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցում։ Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները", - հաղորդել են Կրեմլում։
Մինչդեռ, Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Փաշինյանին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Ասվում է նաև, որ զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։



