Արմինֆո. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տուգանվել է 100 հազար դրամով՝ 2019-22 թվականներին "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության նախագահ եղած ժամանակ թույլ տված խախտումների համար:
Հանձնաժողովի տեղեկատվության համաձայն, 2022 թվականի ընթացքում Պապիկյանը չի պահպանել "Կուսակցությունների մասին" սահմանադրական օրենքով նախատեսված կուսակցական բոլոր ծախսերի վճարման անկանխիկ եղանակի պահանջը։ Մասնավորապես, 2022 թվականին կուսակցության հաշվից բանկոմատների միջոցով կանխիկացվել է 11 մլն 387 հազար դրամ: Կուսակցության աշխատակազմից չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչի վրա է ծախսվել նշված 11,4 մլն դրամը։
Տուգանքի մասին որոշումը կայացվել է հանձնաժողովի օգոստոսի 16-ի նիստում: Պապիկյանը ներկա չի եղել հանձնաժողովի նիստին և գործի վերաբերյալ որևէ պարզաբանում չի ներկայացրել: Որոշումը կարող է բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: