Արմինֆո. Ս.թ. սեպտեմբերի 29-ին Էջմիածնի մայր տաճարն իր դռները կվերաբացի ծխականների համար: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Հայր Զաքարիան։
«Այսօր Շողակաթ Ս. Էջմիածնի տոնն է՝ ըստ Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի: Ըստ Ագաթանգեղոսի` Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքում Քրիստոս երկնքից իջնում է ոսկե մուրճով և ցույց տալիս Մայր Տաճարի կառուցման տեղը: Այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգորը տեսնում է, թե ինչպե՛ս է երկնքից մի շող է կաթում:
Այսօր Մայր Տաճարի ՆԱՎԱԿԱՏԻՔԻ օրն է: Միածնաէջ Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թ. Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին: Տիրոջ կամքով սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կրկին կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին», - գրել է Հայր Զաքարիան:
Հիշեցնենք, որ 2018 թվականից տաճարում վերականգնման աշխատանքներ են իրականացվել։