Արմինֆո. ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը հայտարարել է իր ստեղծած Միավորված աշխատանքային կուսակցության նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին: Այդ մասին նա հաղորդել է սոցցանցում։
Արսենյանը հիշեցրել է, որ հանրապետության նախագահի հրամանագրով, վարչապետի առաջարկությամբ, օգոստոսի 14-ին նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Այդ կապակցությամբ նա վայր է դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև դադարեցրել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորություններն ու անդամակցությունը կուսակցությանը։
«Հարգելի հայրենակիցներ, ես գիտակցում եմ, որ քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները: Ուստի թույլ տվեք իմ գործունեության այս հանգրվանում, նախ, շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի անդամներին և նրա հազարավոր համակիրներին` հանուն Հայրենիքի շենացման մեր համատեղ աշխատանքի համար:
1988 թվականից ի վեր` Հայաստանի անկախության նվաճման և ամրապնդման համար պայքարում ձգտել եմ իմ համեստ ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական զարգացման գործում:
Առանձնապես կարևոր եմ համարում Ազգային ժողովում իմ 15-ամյա խորհրդարանական գործունեության շրջանը, երբ հանդես գալով, նախ` որպես ընդդիմադիր պատգամավոր, իսկ վերջին տարիներին` որպես իշխանության ներկայացուցիչ, ձգտել եմ նպաստել արդյունավետ պետական կառավարման համակարգի կայացմանը և հանրային համերաշխության ու համաձայնության հաստատմանը:
Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության իմ գործընկերներին` արգասաբեր և ներդաշնակ թիմային աշխատանքի համար:
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, մեր անհատական ու խմբային ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե չլիներ Ձեր հավատը, վստահությունը և բոլորանվեր աջակցությունը, որ ստացել ենք հատկապես մեր երկրի համար վճռորոշ ու ճակատագրական պահերին: Իմ որդիական խոնարհումը Ձեզ», - ասվում է Արսենյանի հայտարարությունում: