Արմինֆո. Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պերճաշուք ազատ արձակմանը:
«Դավիթ Տոնոյանին բանտի մոտ դիմավորում են որպես պատերազմի հերոսի, մյուս պատերազմի հերոսն այդ ժամանակվա ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանն է։ Արժեքների վերջնական ոչընչացում է ընթանում։ Երկուսի արձանները պետք է տեղադրել Երեւանի մուտքի մոտ, երկրորդին ավելի մոնումենտալ ոճով, ու քաղաքի բանալիները հանձնել Ալիեւին», - գրել է քաղաքագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ նախօրեին 15 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված պաշտպանության նախկին նախարարին դիմավորել են բազմաթիվ հարազատներ, ընկերներ և զինակիցներ, ովքեր հավաքվել էին քննչական մեկուսարանի շենքի դիմաց: Լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշել է, որ պատրաստ է ոտքով հասնել տուն, որը մեկուսարանից 500 մետր հեռավորության վրա է: Ընդհանուր առմամբ, նախկին նախարարի ասելով, ինքը բանտում անցկացրել է 2 տարի 10 ամիս 17 օր։ Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի, այդ թվում ՝ հրթիռների մատակարարման գործընթացում չարաշահումներին առնչվող քրեական գործով: Այդ գործով մեղադրվում են նաև Հայաստանին սպառազինություն մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը: