Արմինֆո. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
Սյունիքի մարզպետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան դիվանագետին Սյունիք այցելելու համար ու շնորհավորել ՀՀ-ում Կանադայի դեսպանություն բացվելու, ինչպես նաև պարոն Թըրների՝ առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Մարզպետը համոզմունք է հայտնել, որ դեսպանության բացմամբ երկու բարեկամ երկրների կապերն ավելի կամրապնդվեն ու համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն։
Դեսպանի առաջին այցը Սյունիք ճանաչողական է, ու նա մարզին առնչվող մի շարք հարցեր է ուղղել Ռոբերտ Ղուկասյանին։ Մարզպետը հյուրին ներկայացրել է Սյունիքի տնտեսության կառուցվածքը, ընդհանուր անվտանգային իրավիճակը, զարգացման հնարավորությունները և այլն։
Էնդրյու Թըրները նշել է, որ կարևորում է մայրաքաղաքից դուրս նաև ՀՀ մարզերին ծանոթանալն ու համագործակցությունը, իսկ Սյունիքն առանձնահատուկ է իր աշխարհաքաղաքական դիրքով ու դերով։
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աշխատանք տանել կանադացի ներդրողների ու մարզի տնտեսվարողների միջև գործընկերային կապեր զարգացելու ուղղությամբ։
Քննարկվել են հնարավոր հետագա համագործակցության այլ ոլորտներ ևս, որոնց ուղղությամբ երկուստեք աշխատանք կտարվի։
ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այեցելել է նաև Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին։