Արմինֆո. Արցախում Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Իր գրառմանը կից նա զետեղել է արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում է, որ ավերվել են Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ: Նա հիշեցրել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին ադրբեջանցիները երկրի երեսից ջնջել էին դեռ 2022 թվականի հոկտեմբերին։
Նշենք, որ Ադրբեջանի իշխանություններն Արցախի տարածքների օկուպացումից հետո սկսել են ոչնչացնել այն ամենը, ինչը հիշեցնում է այդ հողում հայկական ներկայության մասին։ Հողին են հավասարեցվում ամբողջ գյուղեր, գերեզմանատներ, եկեղեցիներ, մշակութային հուշարձանները և այլն: Այս ամենը տեղի է ունենում, այսպես կոչված, քաղաքակիրթ հանրության լուռ խրախուսման ֆոնին: