Արմինֆո. Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ132-կմ135 հատվածում գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, 2024թ․ օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին, ժամը 10:00-19:00 ընկած հատվածում սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Ավտոտրանսպորտային թունելի փակման ընթացքում ավտոմեքենաների երթևեկությունը կընթանա ներպետական նշանակության Դևդորակ թունելի շրջանցային ճանապարհով (Ն-205)։ Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կընթանա ըստ ժամանակավոր կազմակերպված գրաֆիկի։ Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ», - հավելել են դեսպանությունում՝ ներկայացնելով շրջանցիկ ճանապարհի սխեման։
Հիշեցնենք, որ "Վերին Լարս" անցակետը Ռուսաստանի և Վրաստանի միջև գործող միակ անցակետն է, և փոխադրամիջոցների ողջ հոսքը, այդ թվում՝ դեպի Հայաստան և Թուրքիա, անցնում է այդ անցակետով:
Հավելենք, որ անցած շաբաթ Ռուսաստանի և Վրաստանի միջև սահմանային անցակետը ժամանակավորապես փակ էր վրացական կողմում վերանորոգման աշխատանքների պատճառով: Այսօր մի քանի հազար բեռնատարներ, այդ թվում ՝ հայկական համարանիշներով, օրեր շարունակ հերթերի մեջ են՝ սահմանը հատելու համար։ Վարորդները բողոքում են, որ սպասումը կարող է տևել 5 կամ, նույնիսկ, ավելի օր։