Արմինֆո. Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնա0սվել են 82 շենք՝ տներ և այլ շինություններ: Այդ մասին հաղորդել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ օգոստոսի 14-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա հավաստմամբ՝ երկրաշարժից հետո փրկարար ծառայություն է դիմել 120 քաղաքացի։ Հիմնականում, տուժել են Երանոս գյուղի շինությունները։ Վնասի գնահատման հանձնաժողովը տարբեր խորության ճաքեր է արձանագրել գյուղի 56 տներում, ինչպես նաև՝ դպրոցում և մանկապարտեզում, 4 անասնագոմից քարեր են թափվել: Ծովասար գյուղում ճաքեր են հայտնաբերվել երկու տներում, իսկ Ծակքար գյուղում վնասվել են դպրոցը, Սբ. Աստվածածին եկեղեցին և մշակույթի տունը: "Վնասի գնահատումը շարունակվում է, քանի որ նոր տեղեկություններ են ստացվում այլ գյուղերում վնասների մասին", - ընդգծել է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 02:02-ին Երանոս գյուղից 9 կմ հեռավորության վրա՝ Մարտունի քաղաքից հյուսիս-արևմուտք, գրանցվել էր 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել էր 5-6 բալ: Երկրաշարժն զգացվել էր Գեղարքունիքի մարզում (5 բալ), Կոտայքի մարզում (4 բալ) և Երևանում (2-3 բալ):