Արմինֆո. «Այս դատավարության թիրախը ՀՅԴ-ն է, մասնավորապես, Գերասիմ Վարդանյանը և նրա անձը՝ որպես ՀՅԴ գերագույն մարմնի անդամ», - օգոստոսի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը: Այսօր քրեական դատարանը քննում է Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը:
Փաստաբանի խոսքով՝ Վարդանյանը կալանքի տակ է գտնվում հերթական շինծու գործով: <Այս գործը առնչվում է հայտնի ձայնագրությանը: Վերջին 5-6 տարիներին լինում են դեպքեր, երբ լրատվամիջոցներում հրապարակվում են տարբեր տեսանյութեր, ձայնագրություններ, որոնց հիման վրա հարուցվում են քրեական գործեր, ինչի հետևանքով մարդկանց ապօրինի պահում են կալանքի տակ: Գերասիմ Վարդանյանի նկատմամբ առկա է նաև անձնական վրեժխնդրության տարր>, - հայտարարել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանն արդեն 2 ամիս կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով: Մասնավորապես, տարածվել է մի ձայնագրություն, որտեղ, իբր, Գերասիմ Վարդանյանը հրահանգներ է տալիս, թե ինչպես գումար բաժանել "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ակցիաներին մասնակցելու համար ։