Արմինֆո. Հայաստանը չի մասնակցի սեպտեմբերի 3-15-ը Ղրղզստանի տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ "Փոխգործակցություն - 2024" հրամանատարաշտաբային զորավարժություններին:
Ինչպես հաղորդել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, հայկական կողմը տեղեկացրել է կազմակերպությանը, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին: Առաջիկա զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական գործողությունների նոր մարտավարական հնարքների և փորձի ներդրման խնդիրները:
Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանն իր ներկայացուցիչներին չի ուղարկի նաև օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում կայանալիք ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ուժերի զորավարժություններին:
Նշենք, որ դեռևս այս տարվա փետրվարին արտասահմանյան լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները՝ 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ, և այդ պատճառով Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ավելի ուշ նա չէր բացառել նաև Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից։ Իսկ արդեն մայիսի 8-ին պաշտոնական Երևանը հայտարարեց, որ չի մասնակցելու ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը ընթացիկ տարում ։ Երևանի այս հայտարարությունից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մոսկվան ելնում է այն բանից, որ Հայաստանը պահպանում է ֆինանսական պարտավորությունները՝ ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան:
Հավելենք, որ վերջին տարիներին Հայաստանը չի մասնակցում ոչ միայն ՀԱՊԿ գծով զորավարժություններին, այլև կազմակերպության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին: