Արմինֆո. Հայաստանը չի մասնակցի Նովոսիբիրսկի մարզում կայանալիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի "Կոբալտ-2024" հատուկ զորավարժություններին:
Ինչպես հաղորդում է «Ռոսգվարդիա»-ի մամուլի ծառայությունը, օգոստոսի 14-16-ը նախատեսված հատուկ նշանակության ուժերի կառավարման մարմինների և կազմավորումների հետ վարժանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:
Նշենք, որ դեռևս այս տարվա փետրվարին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հարցազրույցներից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ժամանակ, և այդ պատճառով Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ավելի ուշ նա չի բացառել նաև Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից։ Իսկ արդեն մայիսի 8-ին պաշտոնական Երևանը հայտարարեց, որ չի մասնակցելու ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանն ընթացիկ տարում։ Երևանի այդ հայտարարությունից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մոսկվան ելնում է այն բանից, որ Հայաստանը պահպանում է ֆինանսական պարտավորությունները՝ ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան:
Հավելենք, որ վերջին տարիներին Հայաստանը չի մասնակցում ոչ միայն ՀԱՊԿ գծով զորավարժություններին, այլև կազմակերպության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին: