Արմինֆո. Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս պրոցեսները, առավել քան երբևէ, ուղիղ առնչություն ունեն Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ: Նման գնահատականով հանդես է եկել ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ըստ այդմ` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ուղիղ կախվածության մեջ է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններից: Թուրք-ադրբեջանական տանդեմը, բավականին ագրեսիվ մանևրներով, փորձում է վերջնականապես շարքից հանել Հայաստան պետությունը, որից հետո ցանկացած պայմանավորվածություն, համաձայնություն կամ պայմանագիր արդեն դառնալու է ոչ էական», - գրել է Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
Ընդ որում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ: Այս ֆոնին Բաքվի առաջնորդը, չնայած հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր ստորագրելու Երևանի ջանքերին,, հերթական անգամ հայտարարել է, որ չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, քանի դեռ չի փոխվել Հայաստանի սահմանադրությունը, և ՀՀ Սյունիքի մարզով տրանսպորտային միջանցք չի տրամադրվել: