Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին հիշեցրել է Արցախի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի մասին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի եւ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի միջեւ բանավեճը Twitter-ի միկրոբլոգում սկսվել է Օլիմպիական խաղերի բացման վերաբերյալ ֆրանսիացի լրագրող Լորան Դելաուսի տեսաուղերձի պատճառով, որը զետեղել է ֆրանսիացի դիվանագետը. France 2 հեռուստաալիքով Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկայացնելով Հայաստանի թիմը՝ Դելաուսը պատմել է Արցախի վրա Ադրբեջանի հարձակման մասին: "Հայաստանն, իհարկե, մեր հայ բարեկամները, ֆրանսիացիների սրտին պատմականորեն մոտ են, այն տարում, որը հայ ժողովրդի համար նշանավորվեց ադրբեջանական բանակի ձեռքով Լեռնային Ղարաբաղի անկմամբ", - ասել է Դելաուսը:
Այդ հրապարակումը, ըստ երևույթին, հերթական անգամ ոտնահարել է ագրեսոր երկրի դեսպանի "արժանապատվությունը", ով Դեկոտինյիի գրառմանն արձագանքել է հետևյալ խոսքերով. "Հայերն, անշուշտ, ձեր բարեկամներն են: Բայց խնդիրը Ղարաբաղի "անկումը" չէ, այլ այն, որ սկսվում է նրա նորացումն ու վերածնունդը, և նրա առջև բացվում են հիանալի հեռանկարներ։ Եթե հայերը "լավ տղաներ" լինեն, նրանք կարող են օգտվել այդ հնարավորություններից"։
Ֆրանսիացի դիվանագետի պատասխանը չի ուշացել. "Պարոն դեսպան, ինչպես դուք եք ասում, օրենքում "լավ տղաներ" չեն լինում։ Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքների տեր են՝ սկսած վերադարձի իրավունքից։ Եվ դատարանի վճիռները ենթակա են պարտադիր կատարման":