Արմինֆո. Սույն թվականի հուլիսի 11-22-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան անցկացրել է Ամառային գիտական դպրոց, որին մասնակցել են Շիրակացու ճեմարանի, Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան թիվ 87, Անտոն Չեխովի անվան թիվ 55 և Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցների աշակերտները։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, դպրոցի բացումը տեղի է ունեցել Եղեգնաձորում անցկացվող գիտական պեղումների վայրում՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի ղեկավարությամբ: Հայաստանի գիտական խմբի հետ աշխատում էին Գերմանիայից ժամանած գիտնականներ և կամավորներ: Աշակերտները գիտնականների հետ մասնակցել են պեղումներին, շարժական լաբորատորիայում ծանոթացել են գտածոների մշակման մեթոդներին։
Ամառային դպրոցի ընթացքում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող Կարեն Թոխաթյանը պատմել է Հայաստանի տարածքում գտած ժայռապատկերների մասին։
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում և Էկոէպիկետրոնում դպրոցականները ծանոթացել են Հայաստանի էնդեմիկ բույսերին։
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանում նրանց պատմել են Երկրի ռեսուրսների մասին, ցույց են տվել հազարավոր տարիներ առաջ ապրած կենդանիների բրածո մնացորդներ, ոսկու բյուրեղներ մանրադիտակի տակ: Ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը պատմել է հրաբուխների և դրանց ժայթքման հետևանքների մասին:
Ամառային գիտական դպրոցի փակումը տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում, որտեղ մասնակիցները ծանոթացել են խոշոր աստղադիտակների աշխատանքին, այցելել են Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը պատմել է աստղաֆիզիկայի ոլորտում Հայաստանի հաջողությունների մասին:
Ամառային գիտական դպրոցի անցկացմանն աջակցել է Երևանում «Ռուսկի Դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։