Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, գործադիրը համաձայնություն է տվել Սիմոնյան կրթական հիմնադրամի և Արմավիրի համայնքապետարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա Թումո կենտրոն կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան 9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.709242 հեկտար բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և վերջինիս վրա գտնվող թիվ 12 մսուր-մանկապարտեզի 1832․1 քառ. մ մակերեսով վթարային շենքը Սիմոնյան կրթական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Կառավարության հաղորդագրության համաձայն, հաստատվել է սույն որոշման 1-ին կետով սահմանված Թումո կենտրոնի կառուցման ծրագրի շրջանակներում հողամասն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերությամբ տրամադրելու գործարքների հիմնական պայմանները:
«Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Արմավիր համայնքի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախատեսվում է Արմավիր համայնքում «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում ստեղծելու Թումո կենտրոն, որը հնարավորություն կտա 12-ից 18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից, իսկ Թումո կենտրոնի կառուցման նպատակով նախատեսվում է ներդնել առնվազն 530.000.000 ՀՀ դրամ գումար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հավելել է. «Առիթից օգտվելով նշեմ, որ և՛ մենք, և՛ ԿԳՄՍ նախարարության գործընկերները, և՛ մեր մարզերն ու համայնքները բավական լավ համագործակցում ենք «Սիմոնյան կրթական հիմնադրամի» գործընկերների հետ: Մինչև այժմ հանրապետությունում արդեն 5 ԹՈՒՄՈ կենտրոններ են գործում և 34 ԹՈՒՄՈ տուփեր տարբեր բնակավայրերում, և ընդհանուր առմամբ՝ հաճախում են 25 հազար ուսանողներ։ Այս պահին նաև ընթացքի մեջ է Եղեգնաձորի և Մասիսի ժամանակավոր կենտրոնների բացման գործընթացը: Եղեգնաձորինը տեղի կունենա նախապես պլանավորված սեպտեմբեր ամսին, իսկ Մասիսինը՝ դեկտեմբեր ամսին։ Ինչպես նշեցի՝ Արմավիրի շինություն պետք է կառուցվի 2026 թվականին»։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշել է. «Պարոն Սանոսյանն արդեն նշեց, թե մենք այս պահին ինչպիսի սփռվածություն ունենք ԹՈՒՄՈ կենտրոնների և տուփերի։ Ձեր թույլտվությամբ՝ կուզեի շեշտադրել բովանդակային համագործակցության կարևորությունը։ Կրթության զարգացման պետական ծրագրով մենք հատուկ շեշտադրում ենք արել ոչ ֆորմալ կրթական համակարգերի զարգացմանը, որոնք էական են բարձրացնելու նաև ֆորմալ կրթության որակն ու մակարդակը։ Իրականում, ժամանակակից աշխարհում երեխաները սովորում են ոչ միայն հանրակրթական հաստատություններում, ֆորմալ կրթական հաստատություններում, այլ նաև դրանից դուրս։ Շատ կարևոր է, որպեսզի մենք ապահովենք միասնական միջավայր, և բոլոր այս գործընթացներում մենք փորձում ենք հաշվի առնել այդ համագործակցությունը, սիներգիան, որից շահում են միայն մեր երեխաները։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ բոլոր այս վայրերում հիմնականում ԹՈՒՄՈ տուփերը տեղադրվում են դպրոցներին հարակից տարածքներում և դրանով իսկ ստեղծում են հնարավորություն նաև դպրոցների հետ համագործակցության համար, ընդ որում՝ ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման մասով։ Կարևորում եմ, որ մենք նմանատիպ համագործակցություն ծավալում ենք տարբեր գործընկերների հետ, այս պահին քննարկում ենք ԹՈՒՄՈ-ի ընդլայնման հարցը, բայց հիշեցնեմ, որ մենք ունենք համանման ծրագրեր ՔՈԱՖ Սմարթ կենտրոնների ուղղությամբ, որտեղ նույնպես թե՛ Արմավիրում պլանավորված գործողություններ կան, թե՛ Սյունիքում»։
Ամփոփելով՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ այս ներկայացվածությունը կշարունակի ընդլայնվել բոլոր այլ մարզերում: