Արմինֆո. Թուրքիան ցանկանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորության մասին լրագրողների հարցին՝ Էրդողանը հայտարարել է բառացիորեն հետևյալը. "Այդ մասին որոշում կկայացնի Իլհամ բեյը, այլ ոչ թե՝ ես: Բայց մի բան միանշանակ է. մենք ցանկանում ենք համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Երևանի և Բաքվի միջև":
Էրդողանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում Թուրքիան տեսնում է, որ դրական քայլեր են արվում: "Իմ եղբայր Իլհամը ինձ հետ հանդիպումներում նույնպես ասել է, որ դրական քայլերի կողմնակից է", - ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում: "Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ", - հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների հետ հանդիպմանը: Բանակցությունների արդյունքում կողմերը հայտարարել են խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում առաջընթացի մասին: Երևանը վերահաստատել է համաձայնագրի շուտափույթ ստորագրման իր պատրաստակամությունը, իսկ Բլինքենը ԱՄՆ-ի վճռական աջակցությունն է հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը: