Արմինֆո. Սարսափելի է, երբ Շուռնուխում տեսնում ես, որ մի քանի մետր այն կողմ Ադրբեջանն իր դրոշն է տեղադրել ու իրենով է արել մեր հայկական հողերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդներից՝ ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Իրենք պարզ ասում են, որ մենք այդ տարածքներին պետք է տիրանանք, հետո մտածենք ավելիի մասին։
Կիրանցում մարդկանց ստիպում են, որ ՀՀ օրենքով իրենց տրված կադաստրի վկայականներից հրաժարվեն հոգուտ Ադրբեջանի։ Տրվելիք գումարներն էլ չգիտենք ում հաշվին է: Գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումարներ են մտնում Հայաստան», - գրել է Դանիելյանը։
Նշենք, որ պատգամավորը բազմիցս բարձրացրել է Ադրբեջանից Հայաստան դրամական փոխանցումների հարցը։ Հունիսի 13-ին խորհրդարանում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ բանկը վիճակագրություն է վարում միայն առաջին 50 խոշոր ուղղությունների փոխանցումների վերաբերյալ, եւ այդ ցուցակում Ադրբեջանը չկա: "Եթե նրանք այնտեղ չկան, շարունակելով տրամաբանական շղթան, կարող ենք ենթադրել, որ, կամ, գումարները շատ փոքր են, կամ, ընդհանրապես, չկան", - նշել էր Գալստյանը: Նա հիշել էր մի դեպք, որը տեղի էր ունեցել տարիներ առաջ և հասարակական հնչեղություն էր առաջացրել ։ Դեպքը կապված է եղել Ադրբեջանից Հայաստան դրամական փոխանցման հետ։ Իրականացված հետազոտության արդյունքում, ինչպես նշել է ԿԲ ղեկավարը, պարզվել էր, որ խոսքը միայն մեկ 30 հազար եվրոյի փոխանցման մասին է, որն Ադրբեջանից Հայաստան էր ուղարկվել միջազգային կազմակերպության կողմից: