Արմինֆո.Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Կառավարության հաղորդագրության համաձայն, Արայիկ Հարությունյանը Փարիզում հունիսի 27-ին մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը:
Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու առթիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրվելու է հուշագիր:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում էր կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերն անցկացնելու իրավունքը Երևանին վերապահելու մասին: Ակնկալվում է, որ խաղերին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանեն 50-ից ավելի պատվիրակություններ և շուրջ 4000 մասնակից:
2023 թվականի դեկտեմբերի 14-ին Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գործադիր տնօրեն Քերոլայն Սենտ-Իլերի հետ և քննարկել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման հարցերը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 15-ին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի կազմակերպչական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել Է Խաղերի անցկացման Հայաստանի հայտը: