Արմինֆո.Հունիսի 29-ին Վայոց Ձորի մարզի Արենի խոշորացված համայնքում տեղի կունենա ազգային խոհանոցի «Տադի շորվա» փառատոնը: Այդ մասին հունիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Արենիում զբոսաշրջության զարգացման համակարգող Սյուզան Մարգարյանը։
Նա պատմել է, որ, ընդհանուր առմամբ, փառատոնի տարածքում գործելու է 50 տաղավար, որտեղ խոշորացված համայնքի բնակավայրերից յուրաքանչյուրը ներկայացնելու է իր խոհանոցը, խոհարարական առանձնահատկություններն ու ավանդույթները: Առանձին տաղավարով կներկայացվի արցախյան խոհանոցը, մասնավորապես, տեղում կթխվի արցախյան ավանդական "ժենգյալով հացը": Մարգարյանը նկատել է, որ Հայաստան բռնի տեղահանվելուց հետո Արենիում բնակություն են հաստատել բազմաթիվ արցախցի ընտանիքներ, որոնք նույնպես փառատոնին կմասնակցեն միասնական տաղավարի ներքո:
Հատկանշական է, որ տվյալ տարածաշրջանի ազգային խոհանոցի առանձնահատկությունները կներկայացվեն Արենի խոշորացված համայնքի մաս կազմող 9 բնակավայրերում հարցումների և հարցազրույցների անցկացման շնորհիվ: Արդյունքում հաջողվել է բացահայտել ավանդական ուտեստների ավելի քան 30 տեսակ։
Բացի այդ, փառատոնի շրջանակներում կներկայացվեն ազգային արհեստները, այդ թվում՝ գորգագործություն, խեցեգործություն, ասեղնագործություն և այլն: Նախատեսվում է նաև ազգային երգի, պարի, ազգային խաղերի ներկայացում: Սակայն փառատոնի գլխավոր իրադարձությունը կլինի "Տադի շորվա" ապուրի պատրաստումը, որը բարբառից, ինչպես նշել է համակարգողը, թարգմանվում է որպես "տատիկի ապուր": "Դա կլինի մասուրի և եղինջի համեղ ապուր, որով կհյուրասիրենք փառատոնի բոլոր այցելուներին", - ասել է Մարգարյանը: