Արմինֆո.Կիևում քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, իսկ ուկրաինական պատվիրակությունը ՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Եվգեն Պերեբիյնիսը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական օրակարգի, ինչպես նաև առևտրատնտեսական, իրավապայմանագրային և այլ ուղղություններով համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման հեռանկարները, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տարբեր մակարդակներում հետևողական շփումները և մտքերի պարբերական փոխանակումները:
Ուկրաինական կողմը մանրամասն տեղեկացվել է Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիայի հետևանքով տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին:
Սաֆարյանը Ուկրաինական պատվիրակությանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած "խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին, որն ուղղված է տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանը: Նախագծի հիմքում ընկած են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, փոխադարձության և հավասարության սկզբունքները: