Արմինֆո. Իրանը ոչ է ասել Հարավային Կովկասի ժողովրդագրական պատկերը փոխելու Բաքվի և Անկարայի ծրագրերին։ Նման տեսակետ է հայտնել արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։
Փորձագետն ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասի վերաբերյալ Իրանի կողմից արված նոր հայտարարության վրա: Մասնավորապես, Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայտարարել է հետևյալը. "Թեհրանը դեմ է ցանկացած նախագծի և նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները":
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Իրանն ավանդաբար հայտարարում էր միայն տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության մասին: "Այս համատեքստում խոսքը, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" մասին է, որը Թուրքիան ցանկանում է ստանալ արդեն ավելի քան մեկ դար։ Այսօր այդ օրակարգն առաջ է մղում արդեն Բաքուն՝ Անկարայի աջակցությամբ։ Սակայն, աշխարհագրության փոփոխության անթույլատրելիության մասին հայտարարությունն այլ ենթատեքստ ունի: Խոսքը նոր նախագծի մասին է, որը Բաքվի և Անկարայի քաղաքական-սոցիոլոգիական ինժեներիայի արդյունք է, որը կոչվում է "Արևմտյան Ադրբեջան": Բանն այն է, որ Ալիևն ու Էրդողանը հանրային գիտակցության մեջ տարբեր պետություններ էին ստեղծում Հայաստանի տարածքում։ Դրանք էին կեղծ "Գեյչա-Զանգեզուրի Հանրապետությունը" կամ "Արևմտյան Ադրբեջանը" (ի դեպ, նման նահանգ գոյություն ունի Իրանում, այդ պատճառով Իրանի բնակչության շրջանում թյուրըմբռնում կա, թե ինչ "Արևմտյան Ադրբեջանի" մասին են խոսում Բաքվում)", - նշել է արևելագետը։
Նրա խոսքով, օրերս "Արևմտյան Ադրբեջան" կեղծ համայնքից հայտարարել են այն մարդկանց ցուցակների ստեղծման մասին, որոնցով ծրագրում են բնակեցնել Հայաստանի ժամանակակից տարածքը՝ "Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգի"շրջանակում: "Հենց այդ պատճառով Թեհրանից հայտարարություն հնչեց տարածաշրջանում ժողովրդագրության փոփոխության անթույլատրելիության մասին (մասնագետները հիշում են խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում ժողովրդագրական բալանսի փոփոխության Բաքվի փորձը) ։ Ի դեպ, ուշագրավ է, որ այս հայտարարությունն արվել է CNN Turk-ին հարցազրույցի ժամանակ։ Բավականին ճշգրիտ է ընտրված թիրախային լսարանը", - եզրափակել է Մելքոնյանը։