Արմինֆո. «ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցույան գործընթացը: ԱԺ հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 7-ի նիստում ներկայացնելով ««ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցողի` համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը եւ համագործակցության իրականացման միջոցները:
Նախարարի տեղակալի խոսքով համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմին են հանդիսանալու երկու երկրների պաշտպանության նախարարությունները, ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով:
«Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնված համագործակցություն ունենալ ոչ միայն ռազմական արտադրությունների համատեղ տեղադրման, այլեւ մեր զինվորների պատրաստվածության հարցում»,- ասել է հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը եւ կոչ արել նախագծին կողմ քվեարկել:
Հանձնաժողովն օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել: