Արմինֆո.Այսպես կոչված՝ "Զանգեզուրի միջանցքը" չի կարող անցնել Իրանով։ Այդ մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Զանգեզուրի միջանցքը» Իրանով չի կարող լինել, պնդում են Թուրքիայում: Թուրքիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցության (MHP) փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Իլյաս Թոփսաքալը նորից անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ թյուրքական աշխարհը միավորելու համատեքստում. «Պետք է բացվեն մեր պատմական ուղիները։ Այդ պատճառով «Զանգեզուրի միջանցքը» մեզ համար պարտադիր պայման է։ Որպես դրան այլընտրանք ներկայացվող Իրանով ճանապարհը այլընտրանք չէ»։ Սա կարևոր է նորից արձանագրել, որպեսզի հասկանալի լինի, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ թե պարզապես ճանապարհ են ուզում ունենալ, այլ աստիճանական նվաճել Սյունիքը, ուստի Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհների մասին խոսակցությունները պարզապես ուշադրությունը շեղող քարոզչական թեզեր են», - գրել է թյուրքագետը՝ տելեգրամյան իր ալիքում։
Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային կապ կապահովեր Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանական 44-օրյա ագրեսիային վերջ դրած պայմանավորվածություններով։ Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ ցանկանում են ձեռք բերել ոչ թե, պարզապես, տրանսպորտային երթուղի, այլ՝ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք ։