Արմինֆո. Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկի հետ: Այդ մասին հաղորդվում է Բուչայի քաղաքային վարչակազմի Instagram-ի էջում:
Աղբյուրը նշում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Բուչա համայնքի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները: "Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ և միշտ պատրաստ ենք աջակցել Բուչային և պատերազմից տուժած մյուս համայնքներին", - ընդգծել է Տիգրան Տեր-Մարգարյանը:
Հյուրերը ծաղիկներ են դրել և հարգանքի տուրք են մատուցել Բուչայի անմեղ զոհերի հուշարձանին:
Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի գործընկեր Կիևի Գոլոսեևսկի շրջան: Տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Սադովի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված երկկողմ հարաբերությունների ամրապնդման և հետագա համագործակցության զարգացման հնարավորությունները:
Կողմերը կարեւորել են փոխհամագործակցությունը, հատկապես նմանատիպ խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու տեսանկյունից, որոնք դիտարկվում են քաղաքի տնտեսության առանձին ճյուղերում, ներառյալ փորձի փոխանակումը:
Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է հասցրել ուկրաինական կողմի բուժհաստատություններ։
Հունիսի 2-ին աշխատանքային այցի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ հանդիպել է նաև Օդեսայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո մասնակցել կիրակնօրյա դպրոցի շրջանավարտներին նվիրված միջոցառմանը, որտեղ ողջույնի խոսքով հանդես են եկել դեսպանն ու Տիգրան Տեր-Մարգարյանը:
Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելելու պաշտոնական հրավեր է հանձնել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին: